Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին

Դեկտեմբերի 11-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Համաշխարհային բանկի կողմից կազմակերպած «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» աշխատաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է.

«Պարոն Մոլինեուս,
Սիրելի՛ Սիլվի,
Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Ուրախ եմ գտնվել «Հայաստանի տեխնոլոգիական ներուժի իրացում» զեկույցին նվիրված այս աշխատաժողովին: Վստահորեն կարող ենք պնդել, որ 21-րդ դարում, ինչպես և նախորդ դարաշրջաններում, երկրների տնտեսական առաջընթացը մեծապես կանխորոշվելու է տեխնոլոգիական զարգացվածության մակարդակով: Այս առումով, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներուժին և համաշխարհային շուկայում մեր հնարավորություններին նվիրված Համաշխարհային բանկի զեկույցը կարևոր փաստաթուղթ է, որը մանրամասնորեն պետք է ուսումնասիրվի մեր կողմից և համապատասխան պետական գերատեսչությունները, գործարարները, համալսարանները, փորձագետները տան իրենց կարծիքը դրա վերաբերյալ:

4-րդ արդյունաբերական հեղափոխությունը աշխարհի թե՛ մեծ թե՛ փոքր պետությունների համար ստեղծում է թռիչքային զարգացման հնարավորություններ: Արդյունաբերական հեղափոխությունը բնորոշվում է մի շարք բեկումնային տեխնոլոգիաներով, որոնց անվանումները այժմ բոլորի շուրթերին են․ դրանք են արհեստական բանականությունը, բիոտեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը, առարկաների ինտերնետը և այլն: Այս տեխնոլոգիաները արդեն այսօր վերաձևավորում են աշխարհի տնտեսական կառուցվածքը և այն երկրներն ու հասարակությունները, որոնք առավել խելամտորեն կօգտվեն ստեղծված հնարավորություններից և կհաղթահարեն առաջացած մարտահրավերները, առավելագույն առաջընթաց կգրանցեն:

Մենք վստահ ենք, որ այսօր Հայաստանն ունի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր դառնալու բոլոր նախադրյալները՝ կրթությունից մինչև գիտահետազոտական աշխատանքներ, մշակումներից և արտադրությունից մինչև միջազգային վաճառք և կիրառություն տնտեսության ու կենցաղի տարբեր ոլորտներում։

Վերջին տարիներին տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է 26-27% միջին տարեկան աճ՝ այս ճյուղը դարձնելով ամենաարագ աճող ճյուղերից մեկը տնտեսությունում: Եվ այս աճը էլ ավելի խթանելու համար կառավարությունը որոշում է կայացրել ճանաչել բարձր տեխնոլոգիաների ոլորտը գերակա ուղղություն և ստեղծել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, որն առաջնորդվելով կառավարության տեսլականով՝ ծավալում է ակտիվ գործունեություն: Գլոբալ արժեշղթայում հաստատուն տեղ գրավելու և տեխնոլոգիական ցատկ կատարելու ճանապարհին բազմաթիվ գործողություններ են իրականացվում՝ սկսած բարենպաստ հարկային դաշտի ստեղծումից մինչև պետություն — մասնավոր գործընկերության ծրագրերի ծավալների մեծացում, ենթակառուցվածքների, գիտահետազոտական և կրթական ոլորտների զարգացում:

Հայաստանում բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը նպաստող մի շարք ծրագրեր են իրականցվում նաև մեր գործընկերների և միջազգային ֆինանսական կառույցների հետ համատեղ և դրանց շարքում հաջողված օրինակներից է Համաշխարհային Բանկի հետ իրականացվող «Առևտրի զարգացման և ենթակառուցվածքների որակի» ծրագիրը, որը նպատակ ունի ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում: Այս ծրագրի շրջանակներում է իրականացվում է օրինակ Երևանում «Ինժեներական քաղաք»-ը, առջևում սպասվում են «Ազգային վենչուրային հիմնադրամի», Սուպերհամակարգչային կենտրոնի, Կիբեռանվտանգության կենտրոնի, Գյումրիի Պոլիտեխնիկական ինստիտուտի վերազինման ծրագրերը:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով՝ արդյունավետ գործընկերություններ ստեղծելով նաև միջազգային գործընկերների, գիտական համայնքի և բիզնեսի հետ, կարողանալու ենք Հայաստանը վերածել առաջատար տեխնոլոգիական հանգույցի»։

Понравилась статья? Поделиться с друзьями: