Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Փոխվարչապետը ողջունել է ԱՄՀ առաքելության ղեկավարի առաջին այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա կհեռանա մեր երկրից լավ տպավորություններով և դրական տրամադրվածությամբ: Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ Հայաստանի համագործակցությունը և նշել, որ այս տարվա մայիսին հաստատված համատեղ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվելիք միջոցառումներըն ամբողջությամբ համապատասխանում են Կառավարության առաջ քաշած բարեփոխումների տրամաբանությանը: Հարկային վարչարարության և հարկաբյուջետային համակարգին առնչվող միջոցառումները, ըստ փոխվարչապետի, ոչ միայն կրում են իրենց մեջ ֆինանսական բաղադրիչ, այլև ուղղորդում են ավելի գլոբալ ռազմավարությունները:

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերը շնորհակալություն է հայտնել ջերմ խոսեքի և առաքելության այցի ընթացքում Կառավարության տարբեր գերատեսչությունների կողմից կառուցողական մթնոլորտում ունեցած հանդիպումների համար: Նաթան Պորտերը, ընդգծելով, որ բարեփոխումներ իրականացնելու հարցում կառավարության եռանդն ու պատրաստակամությունը ակնհայտ է, նշել է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու անձամբ ինքը պատրաստ են աջակցել այս կարևոր գործընթացում: Ըստ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի՝ համատեղ ծրագրերի իրականացումը Հայաստանի առջև, իհարկե, մարտահրավերներ կստեղծի, բայց դրան զուգահեռ կհանգեցնի զգալի բարեփոխումների ամենատարբեր ոլորտներում:

Զրուցակիցները քննարկել են ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքն ու արդեն իսկ ընդունված ռազմավարությունների առանցքային ուղղությունները: Նաթան Պորտերը դրական է գնահատել ՊԵԿ ռազմավարությունը՝ նշելով առանձին միջոցառումների կարևորությունը նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու գործընթացում: Անդրադարձ է կատարվել անշարժ գույքի գնահատման հարկման ոլորտում բարեփոխումներին, հանրային ներդրումների կառավարմանը, պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենքի ընդունմանը և հետագայում դրա լիարժեք իրականացմանը, ինչպես նաև Հայաստանում կապիտալ շուկայի զարգացման անհրաժեշտությանը:

Понравилась статья? Поделиться с друзьями: